RSS

Armenian Open Legal Tumblog

Հայ բաց իրավաբանական բլոգ

Հեղինակ`

Դրամարկղային գործառնությունների մասին օրենքում տուգանքի հաշվարկման խնդիր: ՔՆՆԱՐԿՈՒՄ

Եթե տնտեսվարող սուբյեկտը Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքի ներքո և՛ միանավագ գործարքի շեմն է անցել, և՛ ամսեկան, պետք է այն դիտել առանձին տուգանքների ենթակա իրավախախտումներ, թե` մեկ տուգանքի ենթակա իրավախախտում:

Հարցին վերաբերող նորմերը ներկայացված են ստորև.

Հոդված 12. 
1. Կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման նկատմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման թույլատրված չափը գերազանցող գումարի (խախտման գումար) 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:

Հոդված 6.
1. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետևյալ սահմանափակումները՝
ա) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը՝ [...] 300 հազար դրամ:
բ) մեկ ամսվա ընթացքում ապրանքների [...], ծառայությունների, աշխատանքների գնումների դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը՝ [...] 3 մլն դրամ:
և այլն*: 
Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-501-Ն օրենք, ՀՀՊՏ 2003.02.05/7(242) Հոդ.114 (ԱԺ,07.12.2011,ՀՕ-329-Ն դրությամբ)

Օրինակ 1. եթե տնտեսվարող սուբյեկտը երեք անգամ 350000 դրամանոց գործարք է արել, պետք է դա մեկ միասնական իրավախախտում համարել և տուգանել դրա համար, թե յուրաքանչյուր դեպքի համար առանձին?

Օրինակ 2. եթե տնտեսվարող սուբյեկտը 350000 դրամանոց միանվագ գործարք է արել մեկ ամսվա մեջ, իսկ ամսվա կտրվածքով անցել է 3 մլն դրամը, ինչպես է պետք տուգանել իրավախախտումը, հաշվանցելո՞վ, թե` առանձին?

*կրճատումները կատարված են հեշտ ընթերցանության համար

Բաժին` Քննարկում. 28.01.2012թ.
Առարկա: , , .


11 գրառում

  • Արփինե`

    Իրավական տեսանկյունից բազմակի տուգանքն միանվագ սխալ է, քանի որ դա տեղի է ունեցել հաշվապահական սխալի պատճառով: Սակայն հաշվապահական հաշվառման մեջ հաճախ ենք հանդիպում կրկնակի տուգանքի հաշվառման, ինչն իրավաբանորեն սխալ կարող ենք համարել, մեկ ամսոմ նույն խախտման համար կրկնակի տուգանք: Այստեղ պետք է կիրառվի նախազգուշացման և հետագա խախտման կրկնման համար նախատեսված իրավական նորմեր: Այս օրինակում անհրաժեշտ է կիրառել միայն ամսական տուգանքի դրույքաչափն:

  • Ինչպես ենք հասկանում` արարքը նո՞ւյնն է, թե` տարբեր:

  • Արփինե`

    3 angam ancel enq mianvagi shemn, 1 angam amsva.

  • 2-րդ օրինակի մասով:
    12-րդ և 6-րդ հոդվածները սինթեզենք:
    1. Պատասխանատվության ենթակա արարք է կանխիկ դրամով վճարումների սահմանափակումները միանվագ չպահպանելը, որը գերազանցում է 300 հազար դրամը:
    2. Պատասխանատվության ենթակա արարք է կանխիկ դրամով վճարումների սահմանափակումները չպահպանելը մեկ ամսվա կտրվածքով, որը գերազանցում է 3 մլն դրամը:

    1-ին և 2-րդ նորմերը, որպես արարքի բնութագրեր իրարից տարբերվում են արարքի կատարման պահով և չափով:

    Որպեսզի 1-ին արարքը լինի առկա, պետք է բավարարել հետևյալ պայմանները`
    ա. միանվագ խախտում,
    բ. գերազանցում է 300 հազար դրամը:

    Որպեսզի 2-րդ արարքը լինի առկա, պետք է բավարարել հետևյալ պայմանները`
    ա. մեկ ամսվա կտրվածքով,
    բ. գերազանցի 3 մլն դրամը:

    Այսինքն, կոնկրետ օրինակի դեպքում կարելի է փաստել հետևյալ տրամաբանական հետևանքները`
    Ա. եթե սուբյեկտը թույլ չի տվել միանվագ խախտումներ, սակայն ամսվա կտրվածքով անցել է 3 մլն դրամը, նրան պետք է տուգանել սահմանազանցած մասով:
    Բ. եթե սուբյեկտը թույլ է տվել միանվագ խախտումներ, սակայն ամսվա կտրվածքով չի անցել 3 մլն դրամը, նրան պետք է տուգանել ամեն միանվագ սահմանազանցման մասով:

    Խնդիրը բարդանում է, երբ անձը թույլ է տվել ինչպես միանվագ, այնպես էլ ամսական խախտում: Արդյո՞ք պետք է տուգանել և միանվագ խախտումների, և ամսական կտրվածքով խախտման համար:

    Հարցին պատասխանելու համար, պետք է պարզել, թե արդյոք 1-ին և 2-րդ արարքները իրար հարաբերվում են որպես տարբեր արարքներ, թե որպես «հատուկը` ընդհանուրին»: Առաջինի դեպքում արարքները պետք է դիտարկվեն ինքնուրույն և ինքնուրույն էլ տուգանվեն, երկրորդի դեպքում` ամսականի սահմանազանցված չափի տուգանքի մեջ պետք է ներառվի միանվագ խախտումը` non bis in idem սկզբունքի համաձայն:

    Արարքները համարվում են նույնը, եթե տարբեր հետևանքներ նախատեսող նորմերը կարգավորում են նույն արարքը կազմող բոլոր պայմանները, կամ եթե մի նորմի պայմաններում ներառվում է մյուս նորմի բոլոր պայմանները (այսինքն մի արարքում մյուս արարքը ենթադրվում է): Օրինակ` հասարակ սպանությունը ներառվում է մոր կողմից մանկան սպանության հանցակազմի մեջ և դրա համար ինքնուրույն արարք չի համարվում: Իսկ օրինակ սպանությունը անզգուշությամբ մահ պատճառելու մեջ չի ներառվում, որովհետև պայմանները տարբեր են, մասնավորապես մեղքի ձևի համատեքստում:

    Կիրառելով նշված թեսթը մեր վերոգրյալ նորմերի նկատմամբ, ստանում ենք տարբեր արարքներ, որովհետև նորմերի պայմանները տարբեր են, և մի արարքի տարրերում մյուս արարքը չի ներառվում (կարող ենք համարել, որ ներառվում է միայն նրա տարրերից մեկը` սահմանված չափն անցնելը):

    Հետևապես, միանվագ սահմանազանցումների և ամսվա կտրվածքով սահմանազանցման դեպքում հավանաբար գործ ունենք տարբեր արարքների հետ, որոնք որպես մեկ միասնական իրավախախտում դիտարկելը, կարծում եմ, ճիշտ չի լինի:

    Այսինքն նշված իրավախախտումները պետք է դիտել առանձին տուգանքների ենթակա:

  • Արփինե`

    Իմ կարծիքով իրավական տեսանկյունից նույն մեղքի համար, ոչ ամսվա, 3 անգամ սխալ է, նույնիսկ հարկային օրենսդրությամբ հոդված կա` նախազգուշացնող տուգանք և հետագա խախտումների դեպքում այլ դրույքաչափերի սահմանում:

  • Vahe`

    Գևորգ Հակոբյանի վերլուծությունը շատ հետքրքիր էր և բարձր գնահատականի արժանի,
    ԲԱՅՑ հարգելիներս եկեք պատկերացնենք այսպիսի իրավիճակ, որ տնտեսվարող սուբյեկտը ամսվա կտրվածքով կատարել է 301.000 դրամանոց գործարք, ապա այդ դեպքում կստացվի, որ նրան յուրաքանչյուր հազար դրամ ավելի համար հարկային մարմինը պետք է առանձին ակտ կազմի, իսկ դա սխալ է, որովհետև դա հնարավոր չէ կիրառել պրակտիկայում, իսկ եթե տնտեսվարող սուբյեկտը ամսվա ընթացքում արել է 9 հատ 301.000 անոց գործարք?
    _ ապա միթե հարկային մարմինը պարտավոր է տարվա ընթացքում մեկ անգամ դրամարկղային գործառնությունների ստուգում իրականացնելիս յուրաքանչյուր դեպքի համար կազմել առանձին արձանագրություն և առանձին տուգանքներ հաշվարկել յուրաքանչյուր դեպքի համար?
    _ բնականաբար ոչ! Քանի, որ դա կհանգեցնի 1) ահռելի տուգանքների, որը արդեն իսկ խելամիտ չի լինի, 2) հարկային մարմնի համար դժվարություններ կստեղծվի հենց այդքան տուգանքներ կազմելու մասով, քանի, որ դա կերկարացնի ողջ ընթացակարգը տուգանման և ստուգումների իրականացման` արդյունքում ստեղծելով խցանումներ ՊԵԿ Կոմիտեի գործունեության համար:

    Միգուցե օրենքի ՏԱՌԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ տեսանկյունից Գևորգ Հակոբյանը ճիշտ է, բայց իմ սուբյեկտիվ կարծիքն այլ է…..:
    Իմ կարծիքով` երբեք պետք չէ ընկնել օրենքի տառի հետևից(Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի այն դրույթը, որ օրենքները պետք է հասկանալ նրանց բառային ուղիղ իմաստներով, դա ամենեևին չի նշանակում, որ դա պետք է ծայրահեղացնել մինչև «տառային իմաստով հասկանալուն»), քանի որ կարծում եմ, եթե օրենքն ամեն ինչ կարգավորեր ՏԱՌԱՑԻՈՐԵՆ և չունենար բացեր, ապա իրավաբանների գոյություն ունենալն արդեն իսկ անիմաստ կլիներ:) : ԵՎ վերջապես ըստ իս պետք է օրենքը ենթարկել ԻՐԱՎԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, բայց ոչ ԵՐԲԵՔ ՈՒՂԻՂ ՏԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ:
    Հումորով կհավելեմ նաև, որ ի վերջո մենք հայ ենք և բնականաբար մեզ պետք չի որպեսզի օրենքում մեզ համար ամեն ինչ տառաբանել մենք դա առանց դրա էլ կհասկանանք և կկիրառենք մեր օգտին:)
    Այսպիսով ես կարծում եմ, որ ՈՂՋԱՄԻՏ ՉԻ ԼԻՆԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻՆ ՏՈՒԳԱՆԵԼ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ՆԱՄԱՆԱՎԱՆԴ ՕՐԵՆՔՈՎ ՆՇՎԱԾ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐՆ ՈՒ ՏՈՒԳԱՆՔԻ ՉԱՓԵՐՆ ԱՌԱՆՁԻՆ ԱՌԱՆՁԻՆ ԿԻՐԱՌԵԼ:
    Ի ՎԵՐՋՈ ՄԵԶՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՊԵՏՔ Է ՋԱՆՔ ՉԽՆԱՅԻ ՕԳՆԵԼՈՒ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՈՉ ԹԵ ՀԱԿԱՌԱԿԸ, ՔԱՆԶԻ ՈՉ ՈՔԻ ՀԱՄԱՐ ԳԱՂՏՆԻՔ ՉԷ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԱՅՆ ԷԼ ԴԺՎԱՐԻՆ ԽՆԴԻՐ Է “ԲԻԶՆԵՍՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ” ԹՈՒՅԼ Է ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ: :) :) :)
    ՀԱՐԳԱՆՔՈՎ` ՎԱՀԵ ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ!

    • Օվսաննա Ստեփանյան`

      Ես համամիտ եմ Վահեի կարծիքի հետ, խնդիրը առաջադրելիս, հաշվի է առնվել այն հանգամանքը, որ եթե իրականում մի քանի միանվագ գործարքներ լինեն, որոնք գերազանցեն օրենքով սահմանված սահմանաչափը, դրանց համար առանձին տուգանքներ կիրառելը կարծում եմ, հակասում է Վարչարարության համաչափության սկզբունքին, այն է ` Վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր: Նաև պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ “վճարումներ” բառը հոգնակիով է գրված, ինչպես նաև առկա է “և” և “կամ” շաղկապները: Եթե նայենք “իրավական ակտերի մասին” օրենքի իմաստով, ապա եթե առկա լինի և վճարումների ընդունման, և կատարման դեպքում խախտումներ, պետք է հաշվարկվի վճարումների սահմանաչափը գերազանցող գումարի 5%-ը: Սակայն կարծում եմ , իրականում տվյալ իրավանորմը հստակ չէ:

      • Օվսաննա Ստեփանյան`

        Նույն օրենքում առկա է նաև այս այս իրավանորմը. Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու դեպքում գանձվում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին չգրանցելու դեպքում` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
        Ինչ եք կարծում յուրաքանչյուր գրանցման համար է, թե խախտումը հայտնաբերելու պահին առկա բոլոր չգրանցված գործառնությունների համար:

  • Եթե 350.000 դրամանոց գործարքներից յուրաքանչյուրը միանվագ է եղել, ուրեմն երեք առանձին զանցանք պետք է դիտել: Եթե երեք գործարքը միասին ոչ միանվագ են, օրինակ նույն մատակարարից պարբերաբար ձեռք են բերվել ապրանքներլ, ուրեմն զանցանք չկա:

  • Միանվագությունը պետք է դիտել ապրանքի կամ ծառայության գնման համատեքստում, հետևապես մեկ ապրանք կամ ծառայություն ներառող գործարքների դեպքում իրավախախտումը պետք է համարել միանվագ և մեկանգամյա, անկախ թե քանի անգամ սահմանաչափն անցած կանխիկով է վճարվել:

  • Անի Դանիելյան`

    Իմ կարծիքով 2-րդ օրինակի դեպքում կիրառելի է ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 35-րդ հոդվածը համաձայն որի` եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում: Այսինքն պետք է սահմանափակվել 1 ամսվա ընթացքում նախատեսված սահմանափակման խախտման համար տույժի ենթարկվելով:

Թողնել գրառում

Աստղանշով նշված դաշտերը ենթակա են պարտադիր լրացման:

XHTML: կարող եք օգտագործել հետևյալ թագերը` <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

 

«Գնալ Էջի Սկիզբ»


  • Մենք աջակցում ենք


  • Բաժանորդագրվել

    Մուտքագրե՛ք Ձեր էլ.հասցեն:

    Delivered by FeedBurner

    N.B. Ձեր էլ.հասցեին կուղարկվի նամակ` Ձեր գրանցումը հաստատելու համար

  • Արխիվ

  • RSS Վերջին ՄԻԵԴ որոշումները

  • Տարածել