Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 1-ին Արձանագրություն (20-ը մարտի, 1952 թ., Փարիզ)
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի Արձանագրություն (առաջին) (20-ը մարտի, 1952 թ., Փարիզ)
Սույն Արձանագրությունը ստորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ, լի վճռականությամբ ձեռնարկելու որոշ այնպիսի իրավունքների և ազատությունների կոլեկտիվ իրականացումն ապահովող քայլեր, որոնք այլ են, քան 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) I բաժնում արդեն ընդգրկվածները, համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.
Հոդված 1. Սեփականության պաշտպանություն
Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:
Հոդված 2.
Կրթության իրավունք
Ոչ մեկին չի կարելի մերժել կրթության իրավունքը: Պետությունը կրթության և ուսուցման բնագավառում իր ստանձնած ցանկացած գործառույթ իրականացնելիս հարգում է ծնողների՝ զավակների համար իրենց կրոնական ու փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան կրթություն և ուսուցում ապահովելու իրավունքը:
Հոդված 3. Ազատ ընտրությունների իրավունք
Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են անցկացնել ազատ ընտրություններ` ողջամիտ պարբերականությամբ, գաղտնի քվեարկությամբ, այնպիսի պայմաններում, որոնք կապահովեն ժողովրդի կամքի ազատ արտահայտումն օրենսդիր իշխանություն ընտրելիս:
Հոդված 4.
Տարածքային կիրառումը
Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է ստորագրելիս կամ վավերացնելիս կամ դրանից հետո ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հղել հայտարարություն՝ նշելով այն շրջանակները, որի սահմաններում ինքը պարտավորվում է կիրառել սույն Արձանագրության դրույթները այն տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է: Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ, որը նախորդ կետին համապատասխան հայտարարություն է հղել, կարող է ժամանակ առ ժամանակ հետագա հայտարարություն հղել ցանկացած նախորդ հայտարարության պայմանների փոփոխման կամ ցանկացած տարածքի նկատմամբ սույն Արձանագրության դրույթների կիրառման դադարեցման մասին: Սույն հոդվածին համապատասխան արված հայտարարությունը դիտվում է որպես Կոնվենցիայի 56-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան արված հայտարարություն:
Հոդված 5.
Հարաբերությունը Կոնվենցիային
Բարձր պայմանավորվող կողմերի հարաբերություններում սույն Արձանագրության 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածների դրույթները դիտվում են որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ, և Կոնվենցիայի բոլոր դրույթները կիրառվում են համապատասխանաբար:
Հոդված 6.
Ստորագրումը և վավերացումը
Սույն Արձանագրությունը բաց է Եվրոպայի խորհրդի այն անդամների ստորագրման համար, որոնք ստորագրել են Կոնվենցիան. այն ենթակա է վավերացման Կոնվենցիայի վավերացման հետ միաժամանակ կամ այն վավերացնելուց հետո: Արձանագրությունն ուժի մեջ է մտնում տասներորդ վավերագիրն ի պահ հանձնելուց հետո: Հետագայում վավերացնող ցանկացած ստորագրող պետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում նրա վավերագիրն ի պահ հանձնելու պահից: Վավերագրերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, որը վավերացումների մասին ծանուցում է բոլոր անդամներին:
Կատարված է Փարիզում 1952 թ. մարտի 20-ին՝ մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվներում: Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր կառավարության:
Աղբյուր` http://www.echr.coe.int/NR/rdonlyres/3ED3878A-2EF3-4A69-9CB2-12DF881CA0DE/0/ARM_CONV.pdf
Բաժին` Միջազգային իրավական ակտեր. 08.06.2012թ.
Առարկա: Convention, ECHR, protocol.
«հասցե»






