Առաջարկ ֆիրմային անվանումների թարգմանությունների սահմանափակումների վերաբերյալ
Ֆիրմային անվանումների օրենսդրությունում առկա է անվանման թարգմանության օգտագործման հետ կապված չհիմնավորված սահմանափակում, որն արգելում է տարբերակող նշանակության անունների այլալեզու տարբերակների օգտագործումը՝ առանց հաշվի առնելու կոնկրետ անվանման առանձնահատկությունները:
Ֆիրմային անվանումների մասին 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-114-Ն ՀՀ օրենքի (ՀՀՊՏ 2008.07.09/42(632) Հոդ.718, ԱԺ,19.03.2012,ՀՕ-130-Ն դրությամբ) 12-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝
Ֆիրմային անվանման հետ կարող են օգտագործվել նաև դրա օտարալեզու թարգմանությունները։ Այդ դեպքում ֆիրմային անվանման մեջ պարունակվող տարբերակող նշանակության անունը չի թարգմանվում:
Համաձայն նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի՝
Ֆիրմային անվանումը պետք է բովանդակի իրավաբանական անձի կազմակերպական – իրավական ձևը բնորոշող բառեր և տարբերակող նշանակության առնվազն մեկ անուն՝ հատուկ անուն (անձնանուն, տեղանքի կամ խորհրդանշական անվանում), հասարակ կամ մտացածին անուն։
Ֆիրմային անվանումների մասին ՀՀ օրենքն ուժը կորցրած է ճանաչվում 2012թ. հուլիսի 25-ից: Նշված մասով կարգավորումները տեղափոխվել են ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք`
Ֆիրմային անվանման հետ կարող են օգտագործվել նաև դրա օտարալեզու թարգմանությունները։ Այդ դեպքումֆիրմային անվանման մեջ պարունակվող տարբերակող նշանակության անունը չի թարգմանվում: (Քաղաքացիական օրենսգիրք 1168, մաս 6) և Ֆիրմային անվանումը պետք է բովանդակի իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը բնորոշող բառեր և տարբերակող նշանակության առնվազն մեկ անուն՝ հատուկ անուն (անձնանուն, տեղանքի կամ խորհրդանշական անվանում), հասարակ կամ մտացածին անուն կամ տառերի հերթականություն։ (Քաղաքացիական օրենսգիրք 1161.1, մաս 2)
Ինչպես վկայում է նշված նորմերի վերլուծությունը, Ֆիրմային անվանումների մասին ՀՀ օրենքը թույլատրում է օգտագործել օտարալեզու թարգմանություններ: Բացառություն է կազմում անվանման մեջ պարունակվող տարբերակող նշանակության անունը, որը թարգմանելն արգելված է: «Թարգմանություն» եզրույթը օրենքում բացահայտված չէ: Դատելով այն, թե ինչ տրամաբանությամբ է ձևակերպված նույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը և համապատասխանաբար ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1168 հոդվածի 7-րդ մասը (մասնավորապես՝ «տարբերակող նշանակության անուններում «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները» ), թարգմանությունը նաև ներառում է անվանումների այլալեզու տարբերակների օգտագործումը:
Ելնելով դրանից, ֆիրմային անվանումների փորձաքննությունն իրականացնող մարմինն, ըստ ընդունված պրակտիկայի, մերժում է ֆիրմային անվանումների այն բոլոր թարգանությունները, որտեղ Ֆիրմային անվանման այլալեզու տարբերակում օգտագործվում է այդ լեզվում ներկայացված անվանման համապատասխան տարբերակը: Օրինակ՝ եթե որպես ֆիրմային անվանում ներկայացված է «Անգլիական կոշիկներ» անունը, ապա առկա պրակտիկայում հավանաբար կմերժվի «English Shoes” տարբերակը, մինչդեռ «Angliakan shoes» կամ «Angliakan koshikner» տարբերակի բավարարումը ավելի հավանական կլինի: Օրինակի համար տվյալ դեպքում «Անգլիական» բառը դիտվում է որպես հատուկ անուն՝ տեղանուն:
Այս մոտեցումը առևտրային անվանման բլանկետային սահմանափակում է, որը միշտ չէ, որ ենթադրում է հիմնավորվածություն:
Սահմանափակման նպատակը ենթադրաբար եղել է նույնականացման պաշտպանությունը ինչպես նաև սպառողների շահերը: Սակայն «Ինգլիշ» կամ «Անգլիական» տարբերակների փոփոխությունից նույնականացումը չի դժվարանում և սպառողները չեն տուժում, կամ դա աննշան է: Համանմանորեն, եթե օրենքի պաշտպանության առարկան տեղանունն է, ապա անվանումների այլալեզու տարբերակների օգտագործումը այդ առարկայի հանդեպ չի ոտնձգում: Նախ երկու անվանումներն էլ մատնանշում են նույն վայրը՝ Անգլիան: Սահմանափակումը կարող է ունենալ իմաստ, եթե օրինակ «Hollywood» անունը թարգմանելիս լինենք «Սուրբ Անտառ», որտեղ թարգմանության արդյունքում տեղանվան իմաստը կկորի: Բայց օրինակ «English shoes»-ը «Անգլիական կոշիկներ» թարգմանելիս՝ անվանումն ըստ բովանդակության «այնքան էլ չի թարգմանվում», այլ ընդամենը փոխարինվում է օտար լեզվում նույնական անվանումով: Երկրորդ՝ ձեռնարկատերը ֆիրմային անվանումը գրանցելով՝ այսպես թե այնպես պաշտպանում է ոչ միայն հենց այդ անվանումը, այնպես էլ շփոթելու աստիճան նման անվանումները, ինչը զրկում է այլ անձին օրինակ «Ինգլիշ կոշիկներ» անվանման գրանցման հնարավորությունից, եթե արդեն գրանցված է «Անգլիական կոշիկներ» տարբերակը, այսինքն սպառողները նորից կարող են հեշտությամբ նույնականացնել կոնկրետ ֆիրմային անվանումը: Մյուս կողմից սա կապ չունի լեզվային քաղաքականության հետ, որովհետև ֆիրմային անվանումում թույլատրվում է օտարալեզու բառի հայատառ օգտագործումը, ինչպես օրինակ՝ «Ինգլիշ»:
Այս տրամաբանությունը, չնայած, հնարավոր է չաշխատի անձնանունների դեպքում, որովհետև «Ջորջն» ու «Գևորգը» կարող են և չնույնականացվել՝ բազմաթիվ Ջորջերի և Գևորգների առկայության պարագայում, բայց նորմը սահմանափակում է բոլոր դեպքերը:
Այսպիսով, քանի որ տեղանունների նշված օրինակում օրենքի հետապնդած նպատակը անհրաժեշտաբար «վտանգվել» չի կարող, ուստի օրենքով սահմանված սահմանափակումը պոզիտիվային իմաստից դուրս (միայն ինքն-իրենով) հիմնավորված չէ:
Առաջարկվում է Ֆիրմային անվանումների մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասին փոխարինող ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1168 հոդվածի 6-րդ մասում ձևակերպել բացառություն՝ «Ֆիրմային անվանման հետ կարող են օգտագործվել նաև դրա օտարալեզու թարգմանությունները։ Այդ դեպքում ֆիրմային անվանման մեջ պարունակվող տարբերակող նշանակության անունը չի թարգմանվում, բացառությամբ եթե թարգմանությունը չի խանգարում անվանման նույնականացմանը»: Կամ կարգավորումը կատարել հետևյալ կերպ. 6-րդ մասում ավելացնել նոր նախադասություն հետևյալ խմբագրությամբ. «Թարգմանություն չի համարվում տարբերակող նշանակության անվանման նույնական այլալեզու տարբերակների օգտագործումը»: Այսպիսի ձևակերպումների դեպքում բլանկետային սահմանափակումը վերանում է:
*Հոդվածում օգտագործված անվանումները մտացածին են: Շնորհակալություն Արթուր Բաբայանին թեմայի մասին հուշելու և պրակտիկայի մասին կիսվելու համար. Շնորհակալություն Արամ Օրբելյանին օրենդրական փոփոխության մասին տեղեկացնելու համար:
Բաժին` Հոդված. 20.06.2012թ.
Առարկա: trade name.
«հասցե»






